ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
07 Jul 2020

Պարենի համաշխարհային գներն աճել են․ ՀՀ-ում 12-ամսյա գնաճը 1.7% է

 

Հունիսին պարենային ապրանքների համաշխարհային գներն առաջին անգամ տարեսկզբից ի վեր աճել են։ Աճը պայմանավորված է բուսական յուղերի, շաքարավազի եւ կաթնամթերքի առաջարկի աճով: Պարենային ապրանքների գնային ինդեքսը հունիսին կազմել է միջինը 93.2 նիշ, ինչը մոտ 2.4 տոկոսով բարձր է նախորդ ամսվա համեմատ:

ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության պարենային ապրանքների հունիսի գնային ինդեքսից տեղեկանում ենք, որ համավայնավարակով պայմանավորված շուկայական անորոշությունների ֆոնին հացահատիկի եւ մսամթերքի շուկաներում գների զգալի մասը դեռեւս ցածր է:

Բուսական յուղերի գնային ինդեքսը չորս ամիս անընդմեջ անկումից հետո հունիսին ավելացել է 11.3 տոկոսով: Այդ անկումը հիմնականում արմավենու յուղի գնի կտրուկ աճի հետեւանք է՝ պայմանավորված ներմուծման համաշխարհային պահանջարկի վերականգնմամբ, երբ մի շարք երկրներում մեղմացվեցին COVID-19-ի պատճառով կիրառվող սահմանափակումները:
Անմշակ նավթի գների բարձրացումը էապես օգնել է շաքարի շուկաներին՝ խրախուսելով, օրինակ, Բրազիլիայի շաքար արտադրող գործարաններին՝ ավելի շատ շաքարեղեգ օգտագործել էթանոլի արտադրության համար, քան շաքարի, որն էլ իր հերթին նպաստել է շաքարի արտահանման հնարավորության մեծացմանը եւ գների աճին:

ՀՀ սպառողական գների ինդեքսի պատկերը հետեւյալն է։ Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը՝ 2020 թ. հունիսը 2019 թ. հունիսի նկատմամբ, կազմել է 1.7 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.4 տոկոսով գնանկում: 2020 թ. հունիսին 2019 թ. հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.0 տոկոսով գնաճ, իսկ 2020 թ. մայիսի համեմատ՝ 3.5 տոկոսով գնանկում: Բանջարեղենի ապրանքախմբում 2020 թ. հունիսին 2019 թ. հունիսի համեմատ արձանագրվել է 4.6 տոկոսով գնաճ, իսկ 2020 թ. մայիսի համեմատ՝ 22.0 տոկոսով գնանկում:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ արձանագրվել է 3.5 տոկոս գնանկում: Ձվի գինը 2020թ. հունիսին 2019 թ. հունիսի համեմատ նվազել է 19.2 տոկոսով: 2020 թ. հունիսին 2019 թ. հունիսի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 5.3 տոկոս գնանկում: Մրգի ապրանքախմբում 2020 թ. հունիսին 2019 թ. հունիսի համեմատ արձանագրվել է 14.2 տոկոս գնաճ: 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների՝ համապատասխանաբար 12.0 տոկոս և 8.8 տոկոս, իսկ 2020 թ. մայիսի համեմատ՝ 0.3 տոկոս և 0.4 տոկոս գնաճ: