ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
07 Aug 2020

Տարածաշրջանում Հայաստանն առաջինն է՝ մեկ միլիոն բնակչության հաշվով կորոնամահերի քանակով

Համաշխարհային առողջապահության թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ Կովիդ 19-ը: Համաշխարհային թվերը շարունակաբար աճում են՝ հասնելով գրեթե 20 մլն-ի, զուգահեռաբար աճում են առողջացածների եւ, ցավոք, մահացածների թիվը:

Հայաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է 39. 985 դեպք, առողջացածների ընդհանուր թիվն էլ կազմել է 32.008, 777-ն հիվանդ էլ մահացել:

Worldometers.info վիճակագրական կայքի տվյալներով՝ Հայաստանը մեկ միլիոն բնակչի հաշվարկով վարակակիրների թվով աշխարհում 13-րդն է: Առաջատարը Կատարն է, որին հաջորդում է Ֆրանսիական Գվիանան, այնուհետեւ՝ Բահրեյնը:
Մեկ միլիոն բնակչության հաշվով կորոնամահերի քանակով մեր երկիրն աշխարհում 22-րդն է։ Այս բացասական ցուցանիշով աշխարհի առաջատարներն են՝ Սան Մարինոն, Բելգիան ու Միացյալ Թագավորությունը։ Իսկ ահա տարածաշրջում այս ցուցանիշով Հայաստանն առաջինն է:

Հայաստանում 5-րդ անգամ կերկարաձգվի արտակարգ դրության ռեժիմը: Հարցը կառավարության նիստում դեռ չի քննարկվել, սակայն այս մասին օրեր առաջ հայտարարել է ՀՀ պարետը: Արտակարգ դրության երկարացման հիմնավորմուն էլ կմնա նույնը՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին ու առողջությանը և կարող է հանգեցնել մարդու կենսագործունեության բնականոն պայմանների խախտմանը:

Կորոնաճգնաժամը հաղթահարելու համար էլ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Facebook, Google և տասնյակ այլ կազմակերպությունների նախաձեռնությամբ ամբողջ աշխարհում օգոստոսի 7-14-ը հայտարարվել է դիմակ դնելու համաշխարհային շաբաթ:

Այն ուղեկցվելու է նաև սո ցիալական ցանցերում ֆլեշմոբով, որի շրջանակում մարդիկ լուսանկար են տեղադրելու և պատմելու են, թե հանուն ինչի՞ են հետևում հակահամաճարակային կանոններին: