ՊԱՐԱԴԻԳՄ
14 Jul 2018

Տպավորություն էր, որ վարչապետն ամբողջությամբ տեղեկացված չէր ՆԱՏՕ-ի հնարավորություններից

Էդուարդ Աբրահամյանը եւ Արեգ Գալստյանը`վարչապետի Բրյուսել այցի եւ ՆԱՏՕ-ի հետ գործակցության հնարավորությունների եւ խոչընդոտների մասին:

Հայաստանի վարչապետի այցելությունը Բրյուսել բավական կարեւոր էր եւ լավ է, որ այդ այցը տեղի ունեցավ, բայց ստեղծվեց որոշակի տպավորություն, որ վարչապետն ամբողջությամբ տեղեկացված չէր ՆԱՏՕ-ի հնարավորություններից: Լեսթերի համալսարանի միջազգային հարաբերությունների և անվտանգության բաժնի գիտաշխատող Էդուարդ Աբրահամյանը հավելում է, որ տպավորություն էր, որ վարչապետը տեղեկացված չէր, թե ինչ կարող ենք ստանալ եւ ինչ կարող ենք տալ դաշինքին: «Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններն այսօր գտնվում են բավական իներտ վիճակում: 2014 թվականից գրեթե որեւէ նոր նախաձեռնություն չի իրականացվել: Չկա խոր գործակցություն եւ հարաբերությունների բարձրացման միտումներ»,-ընդգծում է վերլուծաբանը:

Աբրահամյանն այս համատեքստում հիշում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմյուլերի խոսքերը, որը հստակորեն նշել էր` ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման դինամիկան եւ խորացումը որոշվում է Հայաստանի կողմից: «Այսինքն`դուք ինչ կառաջարկեք, մենք այդ ուղղությամբ համապատասխան մոտեցում կցուցաբերենք եւ կներգրավենք նոր ծրագրերի մեջ»,-Գոտեմյուլերին է հղում անում վերլուծաբանը`հավելելով նաեւ, որ ՆԱՏՕ-ում կարմիր գծեր չկան:

The Armenian Interest հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Գալստյանն էլ նկատում է`եթե ՆԱՏՕ-ի համար կարմիր գիծ չկա, ապա Ռուսաստանի համար կա: «ՆԱՏՕ-ն, անկասկած, շահագրգռված է հետխորհրդային երկրների, այդ թվում` Հայաստանի հետ, հարաբերությունների խորացմամբ: Սակայն Ռուսաստանի համար այդ կարմիր գծերը գոյություն ունեն, որովհետեւ շատ լավ հայտնի է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը թե ՆԱՏՕ-ի ընդլայնման, թե խորացման հարցում: ՆԱՏՕ-ի ընդլայնումն ու խորացումը հետխորհրդային երկրների հետ Մոսկվան ընկալում է որպես իր ազգային շահերի նկատմամբ սպառնալիք: Իսկ եթե խոսում ենք Հայաստանի մասին, ապա դա կրկնապատկվում է»,-նկատում է Արեգ Գալստյանը: Զրույցի մանրամասները` «Պարադիգմ»-ում: