ՊԱՐԱԴԻԳՄ
21 Jul 2018

Ադրբեջանը Ռուսաստանից զենք գնելով նաև ուզում էր սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ

Հայաստանն իր հնարավորության սահմանում պետք է պայքարի Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի դեմ. ռուսաստանցի վերլուծաբան

Ադրբեջանը գնում է ցանկացած զենք ու զինամթերք եւ գնում է բոլոր այն երկրներից, որոնք վաճարում են: Ինչ վերաբերում է ռուսական զենքի վաճառքին, ապա դա տհաճ իրողություն է, որի դեմ Հայաստանի իշխանությունը պետք է իր հնարավորության սահմանում պայքարի: Ռուսական «Новый оборонный заказ. Стратегии» ամսագրի գլխավոր խմբագիր, ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը չի կարծում, որ նախորդ իշխանությունները բավականաչափ ադեկվատ էին պայքարում ռուսական զենքի մատակարարումների դեմ:

Իսկ ինչպե՞ս եւ ի՞նչ միջոցներով: Այս հարցին ի պատասխան վերլուծաբանը նախ ցավով նշում է, որ Ռուսաստանում ռազմարդյունաբերության համալիրի ազդեցիկ ու ուժեղ լոբբի կա: «Չպետք է մոռանանք որոշ շրջանակների բիզնես հետարքրքրությունները, այնուհանդերձ, կարելի էր գոնե փորձել որոշ ռազմատեսակների մատակարարումը կանխել, օրինակ՝ «Սմերչ»-ի, որը շատ վտանգավոր է քաղաքացիական բնակչության համար, շատ հզոր ավերիչ ուժգնություն ունի»,-նկատում է Ներսիսյանը:

Իբրեւ պայքարի արդյունավետ միջոց՝ նա նաեւ առանձնացնում է դիվանագիտական մեթոդը: Ըստ Ներսիսյանի ՝ Հայաստանի նախկին իշխանությունների ձեռքները շատ ամուր էին կապված եւ հատկապես վերջին տարիների ցածր լեգիտիմությունն ու թույլ դիրքերը հնարավորություն չէին տալիս արդյունավետ բանակցելու: «Ադրբեջանն այդ 5 միլիարդ մատակարարումներով նաեւ ուզում էր սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ: Դա նրանց երազանքն է: Կարծում եմ, որ այդ հանգամանքը վերջին պատճառներից չէ: Քաղաքական նշանակությունը շատ բարձր է զենքի ձեռքբերման հարցում»,-ընդգծում է նա:

Ինչ վերաբերում է օրեր առաջ Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպին, ապա ռուսաստանցի վերլուծաբանի խոսքով՝ դա շատ տհաճ երեւույթ էր, սակայն ոչ միտումնավոր: «Չեմ կարծում, որ սադրանք է եղել, ուղղակի անփութություն էր, ինչի համար ներողություն են հայտնել ռազմաբազայի հրամանատարությունն ու ղեկավարությունը»,-նշում է Լեոնիդ Ներսիսյանը: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: