90 ՎԱՅՐԿՅԱՆ
09 Օգս 2018

Հայաստանը մեծ զիջում է անում ՌԴ-ին ՝ ներգրավվելով սիրիական արկածախնդրության մեջ. Էդուարդ Աբրահամյան

Հայաստանը բավական բարդ իրավիճակում է փորձում հաստատել իր ռազմական ներկայությունը Սիրիայում:

Իրանի եւ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներն այսպես, թե այնպես ազդելու են Հայաստանի վրա: Ուստի՝ Հայաստանը մտահոգվելու առիթ ունի, եթե չնախաձեռնի ԱՄՆ հետ աշխատանքի կոնցեպտուալ մոտեցում: Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի միջազգային հարաբերությունների և անվտանգության բաժնի գիտաշխատող Էդուարդ Աբրահամյանը նկատում է՝ հայկական կողմն արդեն իսկ պետք է լծվեր այդ գործին: «Այն ենթադրում է Հայաստանի շահերի ներկայացումը, շահերի բացատրումը եւ Հայաստան-Իրան կապի կարեւորությունը՝ պետության գոյատեւման համար: Կարծում եմ՝ ԱՄՆ-ում բավական ադեկվատ մարդիկ են եւ ադեկվատ կերպով էլ կընկալեն այդ խնդիրները»,-ասում է նա:
Իսկ ինչպե՞ս կարձագանքի Միացյալ Նահանգները եւ, ընդհանրապես, միջազգային հանրությունը հայկական կոնտինգենտի՝ Սիրիայում ներգրավածության իրողությանը: Աբրահամյանն այս դիտարկմանն ի պատասխան նկատում է՝ արձագանքը դեռ կլսվի եւ բավական նեգատիվ կլինի: «Հայաստանը բավական բարդ իրավիճակում է փորձում Սիրիայում հաստատել իր՝ ռազմական կամ ռազմական օգնության տեսքով ներկայությունը: Իհարկե, Ռուսաստանի եւ Ասադի հետ գործակցության շրջանակում: Հայաստանը, հավանաբար, մեծ զիջում է անում Ռուսաստանին՝ ներգրավվելով սիրիական այս, ավանտյուրա կոչենք կամ ծրագիր կոչենք, գործընթացի մեջ: Բելառուսի եւ Ղազախստանի դիրքորոշումն այս հարցում հստակ է. նրանք չեն մասնակցելու որեւէ գործողության ՀԱՊԿ տարածքից դուրս»,-ընդգծում է գիտաշխատողը: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: