ՊԱՐԱԴԻԳՄ
13 Սեպ 2018

Գաղտնալսումների և ռուս պրանկերների հեռախոսազանգերի միջեւ գոյություն ունեցող կապը՝ ըստ փորձագետի

Որո՞նք են Հայաստանի արտաքին քաղաքականության կողմնորոշիչներն ու աշխատանք պահանջող ուղղությունները:

ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների հեռախոսազանգերի գաղտնալսմանը նախորդել էին ռուս պրանկերների հեռախոսազանգերը՝ ՀՀ վարչապետ Փաշինյանի անունից եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներին: Արդյո՞ք սրանք կապված են միմյանց հետ: ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ կապված են: «Վերջին ձայնագրությունների տեղադրումը համացանցում, կարծես, վկայում են, որ դա ռուսական հատուկ ծառայությունների ձեռքի գործն է: Այդպիսի հզոր տեխնոլոգիաներ կարող են ունենալ միայն աշխարհի գերտերությունների հատուկ ծառայությունները»,-նկատում է նա:

Ինչ վերաբերում է պրանկերների հեռախոսազանգերին, ապա Վարդանյանը ցավով արձանագրում է, որ այդ դեպքերը Հայաստանում լուրջ հետաքննության առարկա չդարձան: «Հայաստանում հումորի էին վերածում, մինչդեռ պետք էր, որ ՀՀ հատուկ ծառայությունները ռուս գործընկերների հետ քննարկումներ անեին՝ պարզելու հանգամանքները: Այդ հեռախոսազանգերը, ըստ երեւույթին, սովորական զանգեր չէին,  հետախուզական զանգեր էին»,-վստահեցնում է փորձագետը: Ըստ նրա՝ ռուս պրանկերները փորձում էին շատ լուրջ բաներ պարզել, մասնավորապես՝ ինչպես արվեց հեղափոխությունը: «Այսինքն՝ Ռուսաստանը, ի սկզբանե, կասկածներ ուներ, որ այս հեղափոխությունն Արեւմուտքի ձեռքի գործն էր: Այս վերջին գաղտնալսման մեջ էլ Վանեցյանը, կարծես, հաստատում է, որ մի կերպ ենք ռուսների հետ բարիշել»,-ասում է բանախոսը:

Այս, ինչպես նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության կողմորոշիչների, թույլ եւ ուժեղ կողմերի մասին մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: