ՊԱՐԱԴԻԳՄ
28 Nov 2018

Կարճաժամկետ էլեկտորալ էմոցիաներ «վերցնելու» հեշտագույն ճանապարհը ՀՀԿ-ին քննադատելն է. Ստյոպա Սաֆարյան

Այսօր շատ հեշտ է քննադատել ՀՀԿ-ին, քանի որ պատասխանատվությունը նրա դաշտում է, ձախողումներն էլ շատ են:

 

 

Ինչպե՞ս են դիրքավորվել քաղաքական ուժերն արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն այս հարցադրմանն ի պատասխան նախ նկատում է՝ բարդ է ամփոփել կամ գնահատական տալ մի գործընթացի, որն արդեն հիշեցնում է քաոս: «Ամեն թեկնածու իր գույնն է բերում այս ամբողջ քաոսում: Չէի համարի, թե ընտրողի համար լավագույն իրավիճակն է  ստեղծված»,-ասում է նա:

Ինչ վերաբերում է ռեյտինգային ընտրակարգին, ապա, ըստ քաղաքագետի, այն այդպես էլ չի ստեղծում նորմալ քարոզարշավի համար քաղաքական միջավայր: «Մյուս կողմից էլ մենք առավելապես տեսնում ենք մեղադրանքներ եւ հարվածներ անձնական հարթության վրա, քան երկրի ապագայի շուրջ զրույցներ: Տեղից ժամանակը շատ կարճ է, ընդամենը 12 օր, նկատելի է նաեւ հապճեպությունը, որով քաղաքական ուժերը պատրաստել են ծրագիրը, դրանցում խորություն չես էլ տեսնում»,-շեշտում է նա:

Արդյոք ճի՞շտ ռազմավարություն է թիրախավորել Հանրապետական կուսակցությանը: Քաղաքագետ Սաֆարյանն արձագանքում է՝ այսօր շատ հեշտ է քննադատել ՀՀԿ-ին, քանի որ պատասխանատվությունը նրա դաշտում է, ձախողումներն էլ՝ շատ: «Կարճաժամկետ էլեկտորալ էմոցիաներ վերցնելու համար, իհարկե, հեշտագույն ճանապարհը ՀՀԿ-ին քննադատելն է եւ ցուցանել նրա սխալները: Այստեղ շատ ավելի լուրջ խնդիր կա: Եթե «Իմ քայլը» մտածում է երկարաժամկետ քաղաքական կայունության մասին, ապա այդ դեպքում, բնականաբար իր եւ ընտրողի միջեւ պայմանագիրը կնքվի երկրի տեսլականի վրա, անգամ ոչ անձնական որակների եւ հեղինակության: Այդ վարկանիշը կարող է շատ տարբեր լինել առաջիկա տարիներին»,-ընդգծում է Սաֆարյանը: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման մեջ: