ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
10 Ապր 2020

2008 թ․ ֆինանսական ճգնաժամը կդիտարկվի՝ որպես Covid-19 աղետի փորձնական կիրառում. theguardian.com

Համաշխարհային արտադրողականության կարճաժամկետ փլուզումը, հավանաբար, մրցելու է կամ նույնիսկ գերազանցելու է վերջին 150 տարվա ընթացքում արձանագրված ցանկացած անկման ցուցանիշը:

Համաշխարհային արտադրողականության կարճաժամկետ փլուզումը, հավանաբար, մրցելու է կամ նույնիսկ գերազանցելու է վերջին 150 տարվա ընթացքում արձանագրված ցանկացած անկման ցուցանիշը:

Օրեցօր ավելի ու ավելի է թվում, թե 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը պարզապես փորձանմուշ էր` այսօրվա տնտեսական աղետի համար: Այս պահին տեղի ունեցող համաշխարհային արտադրողականության կարճաժամկետ փլուզումը, հավանաբար, մրցելու է կամ նույնիսկ գերազանցելու է վերջին 150 տարվա ընթացքում արձանագրված ցանկացած անկման ցուցանիշի:

Նույնիսկ կենտրոնական բանկերի և հարկաբյուջետային մարմինների` հարվածը մեղմելուն ուղղված համառ ջանքերի պայմաններում, առաջատար տնտեսությունների ակտիվների շուկան խճճվել է, և կապիտալն արտառոց տեմպերով դուրս է գալիս զարգացող շուկաներից: Խոր տնտեսական անկումը և ֆինանսական ճգնաժամն անխուսափելի են: Տվյալ պահի առանցքային հարցերն են` որքա՞ն վատ է լինելու անկումը և որքա՞ն է այն տևելու:

Քանի դեռ չգիտենք, թե որքան արագ և արդյունավետ է լինելու հանրային առողջապահությանն ուղղված մարտահրավերների հաղթահարումը, տնտեսագետների համար գործնականում անհնար է դառնում այս ճգնաժամի վերջնապատկերը կանխատեսելը: Համենայն դեպս, որքան մեծ է կորոնավիրուսի մասին գիտական անորոշությունը, այնքան մեծ է սոցիալ-տնտեսական անորոշությունը, թե մոտակա ամսիներին ինչ վարքագիծ են դրսևորելու մարդիկ և քաղաքական գործիչները:

Ի վերջո, աշխարհն անցնում է մի փորձության միջով, որը նման է օտարի ներխուժման: Մենք գիտենք, որ մարդկային վճռականությունն ու ստեղծարարությունը գերիշխելու են: Բայց ի՞նչ գնով: Այս գրառման պահին, համենայն դեպս, շուկաները հույս են հայտնում, որ վերականգնումն արագ կլինի` գուցե սկսած այս տարվա չորրորդ եռամսյակից: Շատ մեկնաբաններ նշում են Չինաստանի փորձը` որպես խրախուսիչ օրինակ այն մասին, թե ինչ է սպասվում աշխարհի մնացած մասին:

Բայց արդյո՞ք այդ հեռանկարն արդարացված է: Չինաստանում զբաղվածությունն ինչ-որ տեղ վերականգնվում է, բայց պարզ չէ, թե երբ այն կվերադառնա նախա-Covid-19-յան մակարդակին: Եվ, նույնիսկ, եթե չինական արտադրությունը լիովին վերականգնվի, ապա ո՞վ է գնելու այդ ապրանքները, երբ համաշխարհային տնտեսության մնացած մասը խորտակվում է: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա կարողությունների 70 կամ 80 տոկոսի վերադառնալը հեռավոր երազանք է թվում:

Այժմ, երբ ԱՄՆ-ը, ունենալով աշխարհի առաջնակարգ առողջապահական համակարգը, անհաջող կերպով չկարողացավ կառավարել վարակի բռնկումը, ամերիկացիների համար դժվար է լինելու վերադառնալ տնտեսական հավասարակշռության`առանց անհրաժեշտ պատվաստանյութի հասանելիության, որը կարող է մեկից ավելի տարի տևել: Անգամ անորոշություն կա այն հարցում, թե ինչպես է ԱՄՆ-ն գլուխ բերելու 2020 թվականի նոյեմբերի նախագահի ընտրությունները:

Այս պահին շուկաները, կարծես թե, մխիթարվում են ԱՄՆ-ի կողմից իրականացվող զանգվածային խթանող ծրագրերով, որոնք ամբողջապես անհրաժեշտ են եղել շարքային աշխատողներին պաշտպանելու և շուկայի վերջնական անկումը կանխելու համար: Սակայն պարզ է մի բան` դեռ շատ ավելին պիտի արվի:

Եթե սա պարզապես սովորական ֆինանսական խուճապ լիներ, ապա կառավարության կողմից պահանջարկի խթանի զանգվածային ներարկումը կազատեր բազում մեղքերից: Բայց աշխարհը կանգնած է 1918-20-ական թվականների գրիպի բռնկումից ի վեր ամենալուրջ համաճարակի առջև: Եթե այս անգամ ևս մահանա աշխարհի բնակչության 2 տոկոսը, ապա զոհերի թիվը կկազմի մոտավորապես 150 միլիոն մարդ:

Բարեբախտաբար ու հավանաբար, հետեւանքն այդքան ծայրահեղ չի լինի, դե հաշվի առնելով արմատական սահմանափակումներն ու արգելքները, որոնք այժմ կիրառվում են ամբողջ աշխարհում: Բայց քանի դեռ առողջապահական ճգնաժամը չի լուծվել, տնտեսական վիճակը շարունակելու է ծանր տեսք ունենալ: Եվ նույնիսկ տնտեսության վերագործարկումից հետո բիզնեսի և պարտքի շուկաներին հասցված վնասը երկարատև հետևանքներ կունենա, հատկապես հաշվի առնելով այն, որ ճգնաժամից առաջ համաշխարհային պարտքն արդեն ռեկորդային մակարդակի էր:

Հիմա կառավարություններն ու կենտրոնական բանկերը տեղափոխվել են ֆինանսական սեկտորի ավելի լայն հատվածներ` գրեթե չինական մանրակրկիտ ոճով, և անհրաժեշտության դեպքում, նրանք ունեն ավելին անելու հսկայական ուժ: Խնդիրն այն է, որ մենք այս պահին վերապրում ենք ոչ միայն պահանջարկի, այլ նաև զանգվածային մատակարարման ցնցում:

Պահանջարկին նեցուկ լինելը կարող է նպաստել վարակի կորության հարթեցմանը` մարդկանց փակի տակ մնալու միջոցով, բայց կա սահման, թե որքանով դա կարող է տնտեսության համար օգտակար լինել, եթե, օրինակ` աշխատուժի 20-30 տոկոսը հաջորդ երկու տարիներին ինքնամեկուսացման մեջ լինի:

Ես նույնիսկ չեմ շոշափել այն խոր քաղաքական անորոշության թեման, որը կարող է առաջանալ համաշխարհային դեպրեսիայի արդյունքում:

Հաշվի առնելով այն, որ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը խորքային քաղաքական կաթված առաջացրեց և «սնուցեց հակատեխնոկրատական պոպուլիստ առաջնորդների բերքը», կարող ենք ակնկալել, որ Covid-19-ը հանգեցնելու է էլ ավելի ծայրահեղ խափանումների:

Իհարկե, կարելի է ավելի լավատեսական սցենարներ գծագրել: Ասենք՝ համատարած թեստավորումների շնորհիվ՝ մենք կարող ենք որոշել` ով է հիվանդ, ով է առողջ, և ով արդեն կարող է աշխատանքի վերադառնալ: Նման գիտելիքներն անգնահատելի կլինեին: Բայց կրկին, երկար տարիներ տևած ոչ ճիշտ կառավարման և առաջնահերթությունների սխալ բաշխման պատճառով ԱՄՆ-ն այսօր զուրկ է ադեկվատ թեստավորումներ իրականացնելու կարողությունից:

Նույնիսկ առանց պատվաստանյութի`արդյունավետ բուժում իրականացնելու պարագայում, տնտեսությունը կարող է համեմատաբար արագ վերադառնալ բալանսավորված վիճակի: Բայց համատարած թեստավորումների և բալանսավորված համարվող վիճակի մասին հստակ պատկերացման բացակայության պայմաններում դժվար է լինելու բիզնեսին համոզել ներդրումներ անել և աշխատող վարձել, մանավանդ երբ բիզնեսն այս ամենի ավարտից կանխորոշում է ավելի բարձր հարկերի վճարում:

Եվ հնարավոր է, որ այժմ` 2008 թվականի համեմատ, ֆոնդային բորսայի կորուստներն ավելի քիչ են եղել այն պատճառով, որ բոլորը հիշում են, թե ինչպես են արժեքները վերականգնման ընթացքում բարձրանում: Բայց եթե պարզվի, որ այդ ճգնաժամն ուղղակի այժմ տեղի ունեցողի փորձնական տարբերակն էր, ապա ներդրողները չպետք է արագ վերականգման ակնկալիքներ ունենան:

Մի քանի ամիսների ընթացքում գիտնականները շատ ավելին կիմանան մեր այս մանրադիտակային զավթիչի մասին: Վիրուսի` ԱՄՆ ամբողջ տարածքով շարժվելու շնորհիվ, ամերիկացի հետազոտողները ուղիղ մուտք կունենան դեպի տվյալներ ու հիվանդներ, եւ այլեւս հարկ չի լինի ապավինել միայն Հուբեյի նահանգի չինական տվյալներին: Եւ միայն այդ զավթիչի ներխուժումը հետ մղելուց հետո հնարավոր կլինի հստակ թվերով խոսել դրա թողած ազդեցության մասին:

 Քենեթ Ռոգոֆ, Հարվարդի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր, ԱՄՀ նախկին գլխավոր տնտեսագետ