ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
12 Ապր 2020

Դոկտոր Բհակդիի բաց նամակը՝ Անգելա Մերկելին․ 5 հարց՝ Covid-19-ի մասին

Մայնցի Յոհաննես Գութենբերգի համալսարանի մանրէաբանության ֆակուլտետի պատվավոր պրոֆեսոր, դոկտոր Սուչարիտ Բակդիի բաց նամակը՝ ուղղված Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Պրոֆեսորը կոչ է անում հրատապ կերպով վերագնահատել Covid-19-ի հանդեպ արձագանքը և կանցլերին ուղղում է հինգ առանցքային հարց: Նամակը թվագրված է մարտի 26-ին:

Հարգելի Կանցլեր,

Որպես Մայնցի համալսարանի բժշկական մանրէաբանության ինստիտուտի երկարամյա տնօրեն, ես պարտավոր եմ քննադատաբար կասկածի տակ առնել հասարակական կյանքին առնչվող այն սահմանափակումները, որոնք մենք ներկայում կիրառում ենք` COVID-19 վիրուսի տարածումը կանխելու նպատակով: 

Ակնհայտորեն, մտադրություն չունեմ վիրուսի վտանգները թերագնահատելու կամ քաղաքական հայտարարություն անելու: Այնուամենայնիվ, իմ պարտքն եմ համարում գիտական ներդրում ունենալ առկա  տվյալների ու փաստերի ներկայացման գործում և, բացի այդ, հարցեր տալ, որոնք այս օրերի բուռն քննարկումների հորձանուտում անտեսված լինելու վտանգի տակ են:  

 Մտահոգությանս պատճառն առաջին հերթին սոցիալ-տնտեսական անկանխատեսելի հետևանքների հանգեցնող կտրուկ սահմանափակումներն են, որոնք  ներկայում կիրառվում են Եվրոպայի մեծ մասում և, լայնածավալ կերպով, արդեն նաև Գերմանիայում:

 Իմ ցանկությունն է քննադատական մոտեցում ցուցաբերել և անհրաժեշտ կանխատեսմամբ հանդես գալ` հասարակական կյանքը սահմանափակելու առավելությունների ու վնասների և արդյունքում ստացված երկարաժամկետ հետևանքների մասին:

 Այդ պրպտումների ճանապարհին ես բախվել եմ  հինգ հարցի, որոնց առայժմ բավարար պատասխան չի տրվել, բայց որոնք անհրաժեշտ են հավասարակշռված վերլուծություն իրականացնելու համար: 

 Կցանկանայի ձեզ խնդրել արագ արձագանքել և, միևնույն ժամանակ, դիմել Դաշնային կառավարությանը՝ ռիսկային խմբերի արդյունավետ պաշտպանության ռազմավարություններ մշակելու առաջարկով`  առանց հասարակական կյանքը սահմանափակելու և բևեռացման ավելի մեծ ծավալներ գրանցելու: 

Ամենայն հարգանքով, 

Պրոֆ. Դոկտոր Սուչարիտ Բհակդի 

 

1. Վիճակագրություն

 

Վիրուսաբանության մեջ, որը հիմնադրել է  Ռոբերտ Կոխը, ավանդական տարբերակում է արվում վարակի և հիվանդության միջև: Հիվանդությունը պահանջում է կլինիկական դրսևորում: Հետևաբար, նոր դեպքերի վիճակագրության մեջ պետք է ընդգրկվեն միայն հստակ ախտանիշներ, օրինակ` հազ կամ տենդ ունեցող հիվանդները: 

 

Այլ կերպ ասած՝ COVID-19 թեստով հաստատված վարակը դեռ չի վկայում, որ  գործ ունենք պարտադիր հոսպիտալացման կարիք ունեցող հիվանդի հետ: Այնուամենայնիվ, հիմա ենթադրվում է, որ վարակվածների հինգ տոկոսի մոտ հիվանդությունը լրջանում է, և հիվանդը թոքերի արհեստական օդափոխության կարիք է ունենում:  Այս հաշվարկների հիման վրա կանխատեսումները ենթադրում են, որ առողջապահական համակարգը կարող է գերբեռնված լինելու խնդրի առջև կանգնել:

 

Իմ հարցը. արդյո՞ք կանխատեսումներ անելիս ախտանիշներ չունեցող վարակվածները տարանջատվել են փաստացի հիվանդներից, օրինակ` զարգացող ախտանշաններ ունեցողներից: 

 

2. Վտանգավորություն

 

Տարիներ շարունակ տարատեսակ կորոնավիրուսներ են շրջանառվել` մեծ մասամբ անտեսված լինելով լրատվամիջոցների կողմից:  Եթե պարզվի, որ COVID-19 վիրուսին չպետք է վերագրվի զգալիորեն ավելի բարձր ռիսկայնություն, քան արդեն եղած կորոնավիրուսներին, ապա հակազդման բոլոր միջոցները ակնհայտորեն ավելորդ կդառնան:

 

International Journal of Antimicrobial Agents-ը շուտով հրապարակելու է մի հոդված, որում անդրադառնալու է հենց այս հարցին: Մենք արդեն այսօր կարող ենք տեսնել ուսումնասիրության նախնական արդյունքները և եզրակացնել, որ  նոր վիրուսը վտանգավորության տեսանկյունից ոչնչով չի տարբերվում ավանդական կորոնավիրուսներից: Սա է վկայում հոդվածի վերնագիրը` «SARS-CoV-2: վախն՝ ընդդեմ տվյալների»: 

 

Իմ հարցը. ինչո՞վ է COVID-19 վարակ ունեցող հիվանդների ինտենսիվ թերապիայի ներկայիս ծանրաբեռնվածությունը տարբերվում այլ կորոնավիրուսային վարակներից, և որքանո՞վ են այդ տվյալները հաշվի առնվելու Դաշնային կառավարության հետագա որոշումների կայացման մեջ: Բացի դրանից, արդյո՞ք  մինչև այժմ իրականացված պլանավորման գործընթացի մեջ հաշվի է առնվել վերը նշված ուսումնասիրության արդյունքները: 

 

3. Տարածում

 

Ըստ Süddeutsche Zeitung-ի /Զյուդդոյչէ ցայթունգ/ զեկույցի՝ նույնիսկ Ռոբերտ Կոխի` այդքան հայտնի ու վկայակոչված ինստիտուտը հստակորեն չգիտի, թե  COVID-19-ի քանի թեստավորում է եղել: Սակայն թեստերի ծավալի մեծացումը փաստում է, որ վերջերս Գերմանիայում նկատվում է դեպքերի թվի կտրուկ աճ: 

 

Հետևաբար ողջամիտ է կասկածել, որ վիրուսն արդեն աննկատ կերպով տարածվել է առողջ բնակչության շրջանում: Սա կարող է ունենալ երկու հետևանք. նախ սա կնշանակի, որ մահացության պաշտոնական ցուցանիշը /օրինակ՝ 2020 թվականի մարտի 26-ին եղել է 206 դեպք 37.300 վարակներից կամ 0,55 տոկոս/ շատ բարձր է, և երկրորդ, որ հազիվ թե հնարավոր լինի բնակչության շրջանում կանխել վիրուսի տարածումը: 

 

Իմ հարցը. արդյո՞ք ընդհանուր առողջ բնակչության շրջանում պատահական ընտրության սկզբունքով իրականացվել է ստուգում՝ գնահատելու վիրուսի իրական տարածումը, թե՞ դա նախատեսվում է մոտ ապագայում:

 

4. Մահացություն

 

Գերմանիայում մահացության թվի մեծացման վախը հատկապես լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Շատերն անհանգստացած են, որ եթե ժամանակին միջոցներ չձեռնարկվեն, ապա մահվան դեպքերը կարող են կտրուկ կերպով  աճել, ինչպես եղավ Իտալիայում և Իսպանիայում: 

 

Միևնույն ժամանակ, ամբողջ աշխարհում նույն սխալն է արվում. մահվան` վիրուսի հետ կապ ունեցող դեպքերի մասին զեկուցում են միանգամից` առանց այլ գործոններ հաշվի առնելու. հենց այն պահին, երբ հաստատվում է, որ մարդու օրգանիզմում առկա է եղել COVID-19: Սա խախտում է այն բժշկական սկզբունքները, ըստ որոնց՝ վերջնական ախտորոշումը կարող է տրվել միայն այն դեպքում, երբ հստակ է, որ քիմիական ագենտը հիվանդության կամ մահվան մեջ որոշիչ դեր է ունեցել: Գերմանիայի գիտական բժշկական ընկերությունների ասոցիացիան իր ուղեցույցում հստակորեն գրում է. «Մահվան պատճառներից բացի, մահվան վկայականում պետք է նշվի նաև պատճառահետևանքային կապը»:

 

Ներկայում որեւէ պաշտոնական տեղեկություն չկա այն մասին, թե արդյոք իրականացվել են հիվանդների բժշկական  պատմությունների հստակ ուսումնասիրություններ՝ պարզելու, թե վիրուսի հետևանքով իրականում որքա՞ն մահ է գրանցվել: 

 

Իմ հարցը. արդյո՞ք Գերմանիան ուղղակիորեն հետևել է այս վիրուսի համընդհանուր կասկածների տենդենցին և նախատեսում է շարունակե՞լ այս դասակարգումը նույնքան կուրորեն, որքան մյուս երկրներում: Ուրեմն, ինչպե՞ս պետք է տարբերակել իրապես կորոնավիրուսով պայմանավորված մահը  եւ վիրուսի առկայությունը, բայց այլ հանգամանքով պայմանավորված մահվան դեպքից: 

 

5. Համեմատելիություն

 

Իտալիայի ներկա իրավիճակը հաճախ վկայակոչվում է որպես հավանական սցենարի օրինակ: Այնուամենայնիվ, այդ երկրում վիրուսի իրական դերը լիովին անհասկանալի է եւ ոչ միայն այն պատճառով, որ այստեղ կան նաև վերը նշված 3-րդ և 4-րդ կետերը, այլ նաև քանի որ գոյություն ունեն բացառիկ արտաքին գործոններ, որոնք այս տարածաշրջանները առանձնապես խոցելի են դարձնում:

 

Այդ գործոններից մեկը Իտալիայի հյուսիսում օդի աղտոտվածությունն է: Ըստ ԱՀԿ գնահատականների՝ այս իրավիճակը, նույնիսկ առանց վիրուսի, 2006-ին Իտալիայի 13 խոշոր քաղաքներում հանգեցրել է տարեկան ավելի քան 8,000 մահվան դեպքի: Այդ ժամանակից ի վեր իրավիճակը զգալիորեն չի փոխվել: Ի վերջո, բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ օդի աղտոտվածությունը զգալիորեն մեծացնում է թե’ երիտասարդների,  թե’ տարեցների շրջանում թոքերի հիվանդությունների առաջացումը:

 

Ավելին, այս երկրում խոցելի խմբի մարդկանց 27.4 տոկոսն ապրում է երիտասարդների հետ, իսկ Իսպանիայում ՝ 33.5 տոկոսը: Գերմանիայում այս ցուցանիշն ընդամենը յոթ տոկոս է:  Բացի այդ, Գերմանիայի ինտենսիվ թերապիայի բաժանմունքները, ի տարբերություն Իտալիայի, ավելի լավ են կահավորված /սարքավորումներով/: 

 

Իմ հարցը. ի՞նչ ջանքեր են գործադրվում բնակչությանը տեղյակ պահելու այս տարրական տարբերությունների մասին, որ մարդիկ հասկանան, որ Իտալիայի և Իսպանիայի սցենարներն այստեղ իրատեսական չեն: