ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
30 Apr 2020

Աշխարհում 305 մլն մարդ գործազուրկ կդառնա․ԱՄԿ

Աշխատատեղերի կորուստների աճին զուգընթաց կա ռիսկ, որ աշխատուժի գրեթե կեսը կկորցնի կենսապահովման միջոցները։ Եւ սա համաշխարհային մակարդակում:

Աշխատանքի միջազգային կազմակերպության վերջին ուսումնասիրությունները վկայում են, որ COVID-19-ի պանդեմիան աշխատաշուկայի վրա կործանարար ազդեցություն է ունեցել եւ հատկապես ոչ ֆորմալ տնտեսությունների աշխատողների եւ աշխարհի՝ հարյուր միլիոնավոր ձեռնարկությունների վրա։

ԱՄԿ-ն զգուշացնում է, որ պանդեմիայի բռնկմամբ պայմանավորված՝ ամբողջ աշխարհում աշխատաժամանակի՝ շարունակական կտրուկ կրճատումը հանգեցրել է ոչ ֆորմալ տնտեսությունների 1,6 մլրդ աշխատողի գոյատեւման միջոցների ոչնչացման անմիջական վտանգի: Իսկ 1,6 մլրդ աշխատողը համաշխարհային աշխատուժի մոտավորապես կեսն է։
Կանխատեսվում է, որ աշխատաժամանակի կրճատումը 2020թ․ 2-րդ կիսամյակում կլինի զգալիորեն ավելի վատ, քան մինչեւ այդ ենթադրվում էր։

Նախաճգնաժամային մակարդակների՝ 2019թ․ 4-րդ կիսամյակի համեմատությամբ նախատեսվում է 10,5 տոկոսի վատթարացում, որը համարժեք է լրիվ դրույքով աշխատող 305 մլն աշխատատեղին, եթե աշխատանքային շաբաթը 48 ժամյա գրաֆիկով է։ Նախորդ գնահատականը 6,7 տոկոս էր, որը համարժեք էր լրիվ դրույքով 195 մլն աշխատողներին։ Սա պայմանավորված է աշխարհում կորոնավիրուսային սահմանափակումների կարգի երկարաձգմամբ եւ ընդլայնմամբ։

Եթե խնդիրը դիտարկում ենք տարածաշրջանային մակարդակով, ապա իրավիճակը վատացել է հիմնականում բոլոր տարածաշրջանային խմբերի համար։ Ըստ գնահատականների՝ 2-րդ կիսամյակում աշխատաժամանակի կորուստը Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների համար կազմել է 12,4 տոկոս, 11,8 տոկոս՝ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի համար։ Տարածաշրջանային մյուս խմբերի ցուցանիշները չեն գերազանցում 9,5 տոկոսը։

Պանդեմիայի հետեւանքով առաջացած տնտեսական ճգնաժամից ոչ ֆորմալ տնտեսության մոտավորապես 1,6 մլրդ աշխատող՝ ամբողջ աշխարհում առկա 2 մլրդ-ից, որոնք ամենախոցելի խումբն են աշխատաշուկայում, եւ համաշխարհային աշխատուժի 3,3 մլրդ-ն ստացել են հսկայական վնաս՝ կենսաապահովման միջոցների հայթայթման առումով։ Դա նույնպես կապված է սահմանափակումների կարգի հետ եւ կամ այն պատճառով, որ նրանք աշխատում են առավել տուժած ոլորտներում։

Ըստ ԱՄԿ գնահատականի՝ ճգնաժամի առաջին ամիսը հանգեցրեց ամբողջ աշխարհի ոչ ֆորմալ տնտեսությունների աշխատողների եկամտի 60 տոկոսի կրճատման։ Դա նշանակում է 81 տոկոսի անկում Աֆիկայում եւ Ամերիկայում, 21,6 տոկոսի անկում Ասիա-խաղաղօվկիանոսյան հատվածում, 70 տոկոսի անկում Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում։ Առանց եկամտի՝ այլընտրանքային աղբյուրների այս աշխատողները եւ նրանց ընտանիքները չեն կարող գոյատեւել։

Այն աշխատողների շահույթը, որոնք ապրում են երկրներում, որտեղ նախընտրել են կամ պարտադրվել է փակել աշխատատեղերը, վերջին երկու շաբաթում 81 տոկոսից նվազել է 68 տոկոսի։ Այս նվազումն առաջին հերթին պայմանավորված է Չինաստում տեղի ունեցող փոփոխություններով․ աշխարհի մյուս երկրներում աշխատատեղերի փակման դեպքերն ավելացել են։

Ամբողջ աշխարհում ավելի, քան 436 մլն ձեռնարկություն բախվել է բարձր ռիսկերով լրջագույն խախտումների։Այս ձեռնարկություններն աշխատում են տնտեսության առավել տուժած ոլորտներում՝ ներառելով մոտավորապես 232 մլն աշխատող մեծածախ եւ մանրածախ առեւտրից, 111 մլն՝ վերամշակման արդյունաբերությունից, 51 մլն՝ հյուրանոցային եւ ծառայությունների մատուցման ոլորտներից եւ 42 մլն՝ ներդրումային եւ առևտրային գործունեության այլ տեսակներից:

ԱՄԿ-ն կոչ է անում ձեռնարկել անհապաղ, նպատակաուղղված եւ ճկուն միջոցներ՝ ի շահ աշխատողներին եւ հատկապես մանր, ոչ ֆորմալ տնտեսության ձեռնարկությունների եւ բնակչության մյուս խոցելի խմբերի։ «Միլիոնավոր աշխատողների համար եկամտի բացակայությունը նշանակում է առանց հաց, առանց անվտանգություն, առանց ապագա։ Պանդեմիայի տարածման եւ աշխատատեղերի կրճատման պարագայում առավել խոցելի խմբերի պաշտպանությունը դառնում է առավել հրատապ։ Ամբողջ աշխարհում միլիոնավոր ձեռնարկություններ հազիվ են շնչում։ Նրանք չունեն խնայողություններ կամ վարկային հնարավորություններ։ Նրանք աշխարհի աշխատուժի իրական դեմքն են։ Եթե մենք նրանց չօգնենք հիմա, այդ ձեռնարկություններն ուղղակի կկործանվեն»,- ասված է ԱՄԿ գլխավոր տնօրեն Գայ Գայդերի հայտարարության մեջ։

Ըստ կազմակերպության փորձագետների՝ տնտեսության աշխուժացման համար հարկավոր է հիմնվել այն մոտեցումների վրա, որոնք ամրապնդված են առավել ուժեղ քաղաքականությամբ եւ զբաղվածության ոլորտի ինստիտուտներով, լավագույն ռեսուրսներով եւ սոցիալական պաշտպանության ամբողջական համակարգերով։ Միջազգային կարգավորումները եւ պարտքի մեղմացումը վճռական նշանակություն կունենան՝ արդյունավետության ապահովման եւ տնտեսության ամուր վերականգնման համար։ Աշխատանքի միջազգային կարգավորումները, որոնք արդեն ունեն եռակողմ համաձայնություն, կարող են դառնալ դրա հիմքը։