ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
26 Jun 2020

Պարտադրանք ԶԼՄ-երին, որը չի բխում պարետի որոշումից

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունն այսօր մամուլի հաղորդագրություն է տարածել, որով լրատվամիջոցներին կոչ է անում անվերապահորեն պահպանել սահմանված կանոնները եթերում, այն է՝ «աշխատանքային պարտականությունները կատարելիս դիմակ կրել»։


Հաղորդագրության մեջ հղում է արվում ՀՀ պարետի N 110-Ն որոշման հավելված 16-ի կետ 2-րդի վրա եւ նշվում է, որ ևս մեկ անգամ ցանկանում են բոլորի ուշադրությունը հրավիրել այն բան վրա, որ հաշվի առնելով կորոնավիճակը՝ կանոնների խախտումը կառաջացնի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն։

Տարածված հաղորդագրության մեջ նշվում է «եթերում» բառը, մինչդեռ ուսումնասիրելով պարետի վերոհիշյալ որոշումը` տեսնում ենք, որ այնտեղ «եթերի» մասին ոչինչ ասված չէ, այլ ընդամենը նշված է՝ «Աշխատանքային պարտականությունները կատարելիս աշխատակիցները կրում են դիմակներ՝ հիմք ընդունելով սույն որոշման չհավելված N 18-ը»:

Իսկ հավելված N 18-ն էլ պատմում է, թե ինչ է կորոնավիրուսը, որոնք ենք ախտանիշները, ինչպես է այն տարածվում եւ այլն, ու ոչ մի խոսք եթերում աշխատողին որւէ բան պարտադրելու մասին։
Պարետի այս որոշումը, ի դեպ, հրապարակվել է հունիսի 3-ին, որից մեկ շաբաթ անց ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը լրատվամիջոցներից մեկի հարցին ի պատասխան ասել էր, որ վերգետնյա որեւէ լրատվամիջոցի չի ներկայացվել դիմակ կրելու որեւէ պահանջ․ հեռուստաընկերությունները, ընդամենը տուրք տալով ՀՌԱՀ այսպես կոչված խնդրագրին, սկսել են դիմակով եթեր դուրս գալ, որի պարտադիր լինելու նորմատիվային հիմքը, ըստ էության, բացակայում է: Ստացվում է՝ հեռուստաընկերություններն ու մի շարք օնլայն հարթակներ արձագանքել էի վարչապետ Նիկոլ Փաշինյանի սկսած «Կրի՛ր դիմակ, փրկի՛ր կյանքեր» ֆլեշմոբին։
Վարչապետի աշխատակազմի հաղորդագրությունը Պարետի որոշում չէ, այսինքն՝ պարտադիր կատարման ենթակա չէ, հատկապես առցանց լրատվամիջոցների համար, որոնց աշխատանքը չի կանոնակարգվում ՀՌԱՀ-ի կողմից։