ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
26 Հնս 2020

Անորոշ իրավիճակ՝ Սահմանադրական փոփոխությունների կիրառման հարցում. իրավական հանրությունը բաժանվել է 2 մասի

Սահմանադրական դատարանի շուրջ կրքերը տեւական ժամանակ է չէին մարում, իսկ վերջին շաբաթվա ընթացքում դրանք հասան կուլմինացիոն կետին: ԱԺ նախագահն էլ երեկ հայտարարեց, որ պաշտոնական տեղեկագրում հրապարակել Սահմանադրության փոփոխությունները, ինչն առավել սրեց իրավիճակը։

Սահմանադրության փոփոխություններով վերաշարադրվել է Սահմանադրության 213-րդ հոդվածը։ Ըստ այդմ՝ 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորության ժամկետը համարվում է ավարտված։ Նույն նախագծով կասեցվում է նաև դատարանի նախագահի պաշտոնավարում։

Այս փոփոխություններն ուժի մեջ են մտնում այսօրվանից, սակայն դրա կիրառման հարցում իրավական հանրությունը բաժանվել է 2 մասի։

«ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո Հրայր Թովմասյանն ու ՍԴ երեք անդամներ պաշտոնանկ կարվեն»։ Սա հատված է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հայտարարությունից։ Ժամեր անց այս հայտարարությանը հաջորդելու էր Հրայր Թովմասյանի և մյուս դատավորների համատեղ հայտարարությունը։

«Սահմանադրության 167-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ կազմավորման և գործունեության կարգը` Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի վերոնշյալ նորմը չի վիճարկվել Սահմանադրական դատարանում, չի ճանաչվել Սահմանադրությանը հակասող, ԱԺ կողմից չի ճանաչվել ուժը կորցրած, ուստի գործող է և ենթակա է կատարման:
Վերոգրյալից ելնելով՝ համապատասխան պաշտոնյաներին հորդորում ենք դուրս չգալ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակից, իրավունքի ու օրինականության ծիրից»:

ՍԴ չորս դատավորների այս հայտարարության նախարարական արձագանքը շատ չուշացավ: Ռուստամ Բադասյանի մեկնությամբ էլ՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ունի բարձրագույն իրավաբանական ուժ:

Մանրամասները՝ տեսանյութում։