ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
29 Jun 2020

Նոր օրենք, որը վտանգի տակ է դրել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը

ԱԺ-ում դեռ առաջին ընթերցմամբ ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը բուռն քննարկուների տեղիք է տվել։ Խորհրդարանն այն ընդունել է միաձայն՝ 98 ձայնով, քվեարկությանը մասնակցել է նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։

Նախագծի համահեղինակներն էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Վահագն Թևոսյանը եւ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Մխիթար Հայրապետյանը հայտարարել է, որ այս նոր օրենքը փոխարինելու է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» գործող օրենքը, որը, ըստ նրա, այլևս չի համապատասխանում ժամանակի պահանջներին՝ հնացած է: Նախագիծը բացի այլ կարգավորումներից պարտադրում է նաև պահպանել մայրենի լեզվի անվտանգությունը, այն է՝ անցում կատարել հայերեն հաղորդումների` անկախ տեսակներից: Այլ լեզուներով տեսալսողական հաղորդումները պետք է կրկնօրինակել, հնչյունավորել կամ դրանք մատուցել բնօրինակով և ենթագրերով:

Սա վերաբերում է նաեւ օտարալեզու հեռուսատալիքների վերահեռարձակմանը, որոնք եւս պետք է թարգմանվեն հայերեն։ Թեեւ Մխիթար Հայրապետյանը վստահեցնում է, որ որևէ հեռուստաընկերություն կամ հաղորդում փակելու մտադրություն չկա, առավել եւս ռուսական վերահեռարձակողների, այնուամենայնիվ այս նախագիծը միանշանակ չի ընկալվում ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ արտասահմանյան հեռարձակողները, հիմնականում ռուսաստանյան հեռուստաալիքների հարցն է, որոնք կարող են հեռարձակվել հանրային մուլտիպլեքսում միայն միջպետական պայմանագրի հիման վրա։ Նշվում է նաեւ, որ ըստ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի հաշվետվության՝ «Первый канал», «РТР Планета» և «Россия. Культура» հեռուստաալիքներն ունեն բավական պատկառելի և կայացած լսարան։

Նոր օրենքին անդրադարձել են նաեւ ռուսական լրատվամիջոցները՝ հիմնականում քննադատական նոտայով։ ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանն էլ պարզաբանում է տվել՝ ասելով, որ Հայաստանի մալուխային օպերատորների փաթեթներում շուրջ 400 հեռուստածրագիր կա, որոնցից 209-ը ռուսական արտադրության են, 114-ը՝ եվրոպական և ամերիկյան:
«Օպերատորների միություն» ՀԿ-ն մտահոգություն է հայտնել է օրինագծի վերաբերյալ՝ նշելով, որ այն զրկում է սեփական հեռուստածրագրեր ունենալու կամ տեսալսողական մեդիածառայության դիստրիբյուտոր լինելու հնարավորությունից: ԶԼՄ դաշտի մասնագետները եւս բարձրաձայնել են իրենց մտահոգությունները։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում հեռուստաընկերություններին և մասնագիտական խմբերին՝ օրինագծի հեղինակներից պահանջել, որ մինչև նախագծի 2-րդ ընթերցումը կազմակերպեն մասնագիտական քննարկումներ ու հանրային լսումներ։