ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
30 Jun 2020

Մեր «սիրելի» վարչապետը, երբ նշում է, որ ծառայությունից ազատվել է այդ հիմքով, մեղմ ասած ճիշտ չի ասում․ Տիգրան Աթանեսյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի զինվորական ծառայությունը, ավելի ճիշտ՝ զինծառայությունից ազատվելու թեման սկսեց կրկին շրջանառվել վիրտուալ տիրույթում: Այս անգամ թեման դաշտ նետեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Ֆեյսբուք սոցիալական ցանցում Աթանեսյանը նախ ֆլեշմոբ նախաձեռնեց՝ կոչ անելով հրապարակել զինվորական գրքույկները, այնուհետեւ գրառում արեց՝ նշելով, որ երկրի վիճակն է ստիպում դա անել:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրել է.
«1992 թ. ընդունված «Զինապարտության մասին» ՀՀ առաջին օրենքը, իրոք, նախատեսել է դրույթ, որ երկու ծառայած եղբայրների երրորդ եղբայրը ազատվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից: Օրենսդրական այդ դրույթը ուժը կորցրած է ճանաչվել 1994 թ., ինչից հետո բոլոր «երրորդ» եղբայրները զորակոչվել են բանակ: Մեր «սիրելի» վարչապետը, երբ նշում է, որ ծառայությունից ազատվել է այդ հիմքով, մեղմ ասած ճիշտ չի ասում: Հիշեցնեմ, որ նա ԵՊՀ-ում ուսուցանել է 1991-1995 թթ. ընթացքում և այդ ժամանակ իրավացիորեն օգտվել է տարկետման իրավունքից: Այսինքն՝ այդ ժամանակ իրեն պետք էլ չի եղել 1992-1994 թթ. ընթացքում գործած նորմը: Ինչևէ, 1995թ. Աշնանը, երբ իրեն հեռացրել են ԵՊՀ-ից, էական չէր արդեն՝ այդ «երրորդ» եղբոր նորմը եղել է, թե՝ ոչ, նա 20 տարեկան էր և ենթակա էր պարտադիր զորակոչի: Նա ենթակա էր պարտադիր զորակոչի մինչև 2000 թ. գարունը՝ երկրորդ զավակի ծնվելու պահը: Հարց՝ ինչո՞ւ նա չի զորակոչվել 1995 թվականի աշնանից մինչև 2000 թվականի գարունը: Հարց բոլորին: Ինչու՞ չի զորակոչվել, բայց այսօր պատերազմի ժամանակ ՀՀ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է: Ավելի կարևոր հարց՝ ինչու՞ այս հարցը ոչ ոք չի տալի: Ինչու՞ են բոլորը լուռ»:

Երկու տարի առաջ՝ վարչապետ ընտրվելուց հետո, Նիկոլ Փաշինյանը՝ բանակում չծառայելու մասին պարզաբանում էր տվել՝ շեշտելով, որ իր չծառայելու հիմքերը բացառապես օրինական են: Փաստաբան Աթանեսյանի գրառմանն արձագանքեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: Նա, պարզաբանումներից զատ, առաջարկեց նաեւ մեկ անգամ եւս ընթերցել 2014 թ. դեռ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի անդրադարձն այդ թեմային:
Չուշացավ նաեւ Տիգրան Աթանեսյանի հակընդդեմ արձագանքը: Նա գրեց՝ լո՞ւրջ ես ասում, Մանե ջան: Փաստորեն, ըստ վարչապետի և ըստ քեզ, ժամկետային զինվորական ծառայությունը մարդու վիճակը վատթարացնող վիճակ է: Գոնե գրելուց առաջ մտածեք, նոր գրեք, պատերազմող երկիր ենք: