ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
27 Jul 2020

Հայ միլիարդատերը կփոխհատուցի ռուսաստանցի ադրբեջանցիների վնասը

ՌԵՍՈ ապահովագրական խմբի համասեփականատեր, միլիարդատեր Սերգեյ Սարկիսովը հայտարարել է, որ իր ընտանիքը պատրաստ է փոխհատուցել Մոսկվայում վանդալների կողմից ադրբեջանցիների սեփականության հասցված վնասը:

Սարկիսովների ընտանիքի և «Հայերի ասամբլեայի» անունից հրապարակված այս կոչով նա դիմել է ադրբեջանական և հայկական սփյուռքի ներկայացուցիչներին՝ նպաստել Մոսկվայում անկարգությունների դադարեցմանը՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման ֆոնին:

Նա վստահություն է հայտնել, որ իր հետ կհամաձայնեն նաև ադրբեջանցի ձեռնարկատերերը, որոնք նույնպես կփոխհատուցեն անկարգությունների հետևանքով հայերի սեփականությանը հասցված վնասը:

Սարկիսովի այս հայտարարությունը, ինչպես եւ սպասելի էր, բուռն արձագանք է գտել սոցցանցերում։ Շատերն այս հայտարարության մեջ վտանգավոր միտումներ են տեսնում: «Թել-Սել» թվային պրոդուկտների զարգացման գծով տնօրեն Սերգեյ Ուսնունցը գրել է, որ այս հայտարարությամբ հավասարեցրել են դիրքերն ու ընդհանրապես իրավիճակը:

Վերջին օրերին ՌԴ որոշ քաղաքներում, մասնավորապես Մոսկվայում ադրբեջանցիները խմբերով հարձակվել են հայերի վրա, այդ թվում՝ տարեցների, հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների, հայկական ռեստորանների ու խանութների վրա:

ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը համոզմունք է հայտնել, որ ադրբեջանցիների սադրիչ գործողությունները Ռուսաստանի տարածքում հաշվարկված են եղել հայկական կողմի պատասխան քայլերի վրա :
Ի դեպ, Սերգեյ Սարկիսովը «ՌԵՍՈ–Գարանտիա» ապահովագրական ընկերության հիմնադիրն է, Նրա եղբայրը՝ Նիկոլայ Սարկիսովը, ընկերության փոխնախագահն է, 2013-2019 թթ․ եղել է Լիոնում ՀՀ հյուպատոս։