ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
28 Jul 2020

Թուրք-ադրբեջանական զորավարժությունները, հայ-ադրբեջանական լարվածությունն ու Սեւրի պայմանագիրը՝ մեկ համատեքստում

Հայաստանի սահմանի մոտ՝ Նախիջևանում, Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն։ Համաձայն Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված ռազմական գործակցության մասին համաձայնագրի՝ Ադրբեջանում մարտական կրակով համատեղ լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն նաեւ Գյանջայում, Քյուրդամիրում, Եվլախում եւ Բաքվում հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը, որոնց կմասնակցեն երկու երկրների ցամաքային և ռազմաօդային ուժերը:Զորավարժություններին ներգրավված կլինեն զորախմբեր, զրահատեխնիկա, հրետանային միջոցներ և ականանետներ, ռազմական ավիացիա, ինչպես նաև՝ 2 երկրների հակաօդային պաշտպանության համակարգերը:

Ադրբեջանը և Թուրքիան նախկինում ևս պարբերաբար անցկացրել են համատեղ վարժանքներ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Թուրքիայում: Ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժություններն Ադրբեջանը և Թուրքիան իրականացնում են 2014 թ․: Նախորդ անգամ 2019 թ․ սեպտեմբերին էր՝ Ադրբեջանում: Ինչ վերաբերում է ցամաքային զորավարժություններին, ապա կողմերը նման զորավարժություններ սովորաբար անկացնում են գարնանը՝ Բաքվի զորավարժարաններից մեկում, իսկ ամռանը՝ առանձին Նախիջևանում:

Թուրք-ադրբեջանական զորավարժությունն ուշագրավ է հայ-ադրբեջանական սահմանային վերջին լարվածության ֆոնին եւ աշխարհաքաղաքական զարգացումների՝ մասնավորապես ռուս-թուրքական հարաբերության համատեքստում։
Ի դեպ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության համատեքստում։ Հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։ Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ կողմերը իրավիճակը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու շահագրգռվածություն են հայտնել, նաեւ՝ պատրաստակամություն՝ կոորդինացնել ջանքերը իրավիճակի կայունացման համար։ Երկու երկրների նախագահներն անդրադարձել են նաեւ ԼՂ հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը եւ նշել, որ այն պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի սկզբունքների և Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերի վրա։
Մի քանի օր առաջ հայտարարություն էին տարածել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Նրանք կողմերին կոչ էին արել նախապատրաստվել առարկայական բանակցության, ձեռնպահ մնալ լարվածությունից, ինչպես նաեւ՝ ողջունել էին հաստատված հարաբերական անդորրը:

Ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններին անդրադարձել է նաեւ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նշել է, որ չնայած Ադրբեջանի ջանքերին՝ ներգրավելու Թուրքիային՝ Արցախյան հիմնախնդրի ռազմանական լուծման մեջ, Թուրքիան այդ քայլին չի գնա։
ԼՂ հակամարտության հարցում Թուրքիան հետևողականորեն հանդես է գալիս՝ որպես հարցի ուժային կարգավորման կողմնակից` բացահայտ կերպով սատարելով Բաքվին։ Հայաստանի սահմանների նկատմամբ Տավուշում Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո Թուրքիայի նախագահը շտապել էր հերթական անգամ հանդես գալ Ադրբեջանին սատարող հայտարարությամբ: Նրան հետեւել էին Պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները։

Ուշագրավն այն է, զորավարժության ավարտի օրը՝ օգոստոսի 10-ին, լրանում է Սևրի հաշտության պայմանագրի 100-ամյակը։ Ըստ պայմանագրի 89-90 հոդվածների՝ ԱՄՆ արբիտրաժությամբ իրականացվելու էր հայ-թուրքական սահմանագծում։ Հայաստանն ընդհանուր առմամբ ունենալու էր 160 հազար քմ կմ տարածք՝ դեպի ծով ելքով: Այն դեռեւս մնացել է թղթի վրա։