ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
29 Հլս 2020

Հայկական խմիչքն ու ծխախոտը կհայտնվեն սերբական շուկաներում

ԵԱՏՄ և Սերբիայի միջև առանց մաքսի առևտրի համաձայնագրի վավերացումը կորոնավիրուսի ֆոնին մեծ հնարավորություններ է բացում սննդարդյունաբերության, մանավանդ սերբական պանիր և ալկոհոլ արտադրողների համար: Այս մասին հայտարարել է Սերբիայի գյուղատնտեսության նախարար Բրանիսլավ Նեդիմովիչը՝ ՌԴ կառավարության կողմից Սերբիայի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումից հետո:

Համաձայնագրի շնորհիվ՝ Սերբիան առանց մաքսատուրքի առևտուր կանի նաեւ 2 նոր գործընկերոջ՝ Հայաստանի եւ Ղրղզստանի հետ: Կընդլայնվի նաև առանց մաքսատուրքի արտադրանքի ցանկը, որում ներառված է այծի, ոչխարի եւ կովի կաթից պատրաստված պանրի տեսականին: Սերբիայի փոխվարչապետ Ռասիմ Լյայիչը ավելի ուշ ցանկին ավելացրել է նաև 90 հազար լիտր կոնյակ և 2000 տոննա ծխախոտ:

Գյուղատնտեսության նախարարը նշել է նաեւ, որ համաձայնագիրը հնարավորություն է տալիս սերբական արտադրանքը մատակարարել գրեթե 200 միլիոնանոց ԵԱՏՄ շուկա: Նա մասնավորապես առանձնացրել է՝ պանիրն ու Սերբիայի ազգային հպարտություն համարվող ալկոհոլային թունդ խմիչք մրգային ռակիան: Նախատեսվում է, որ առաջիկա 2-3 տարվա ընթացքում Սերբիայից ԵԱՏՄ արտահանումը կհասնի 1,5 մլրդ դոլարի:
Սերբիայի և ԵԱՏՄ-ի միջև անմաքս առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը ստորագրվել է 2019 թ․ հոկտեմբերին:

Ավելի վաղ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել էր, որ անհրաժեշտ է արագացնել Սերբիայի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի կնքումը:
Սերբիան ԵԱՏՄ անդամ ՌԴ, Բելառուսի եւ Ղազախստանի հետ արդեն իսկ կնքել էր երկկողմանի ազատ առեւտրի համաձայնագրեր։ ՀՀ եւ Ղրղզստանի դեպքում մինչև այժմ առեւտուրն էականորեն սահմանափակ է եղել:
Այս համաձայնագիրը համանման ռեժիմ է ստեղծում հայկական և ղրղզական ապրանքների համար։ Ըստ պաշտոնական աղբյուրների՝ դեպի Սերբիա արտահանման ծավալների ավելացումը, օրինակ, Հայաստանի համար նոր հնարավորություններ կտա ավանդական արտահանման ապրանքների՝ թունդ ալկոհոլի և ծխախոտի, սննդի արդյունաբերության և գյուղատնտեսական արտադրանքի արտահանումն ավելացնելու համար։ Իսկ Ղրղզստանի դեպքում հնարավորություն է բուսական և վերամշակված գյուղատնտեսական արտադրանքի, օրինակ՝ լոբու, ընկույզի և մեղրի մատակարարման համար։

Անցած տարի սեպտեմբերին ՀՀ Կառավարությունը հավանություն էր տվել «ԵԱՏՄ եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի գոտու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին որոշման նախագծին:

Ի դեպ, ՀՀ-ն Սերբիայից ակտիվորեն ձեռք է բերում զենք-զինամթերք։ Եթե մինչ օրս Հայաստանին զենք մատակարարում էին սերբական մասնավոր ընկերությունները, ապա հիմա արդեն զենքն արտահանվում է միանգամից 5 գերատեսչության՝ Սերբիայի Արտաքին գործերի, ներքին գործերի, պաշտպանության, առևտրի նախարարությունների և հետախուզական ծառայության հաստատմամբ: