ՊԱՐԱԴԻԳՄ
31 May 2017

Արցախյան ազատամարտը հովանավորվել է ստվերային տնտեսության գումարներով. Հրանտ Միքայելյան

Հայաստանում ստվերային տնտեսության 25-ամյա ոդիսականը:

 

Արցախյան պատերազմը հիմնականում հովանավորվում էր ստվերային տնտեսությունից եկող գումարներից: Պատերազմն ավարտվում է, որից հետո իշխանությունն իր պարտքն է համարում փոխհատուցել այդ գումարները ներդրող բիզնեսին: Օրերս լույս տեսած «Ստվերային տնտեսությունը Հայաստանում» գրքում այս մասին գրում է հեղինակը՝ Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը: Անկախությունից մինչեւ մեր օրերն ընդգրկող աշխատության մեջ տնտեսագետ Միքայելյանը փուլ առ փուլ վերլուծում է ստվերային տնտեսության ծավալներն ու առանձնահատկությունները:


«1991 թվականից իշխանություններն ունեին այդպիսի մոտեցում, որ պետք է զարգացնել խոշոր, տեղական բիզնեսը, չգրված օրենքներով նաեւ աջակցել՝ մենաշնորհ ձեռք բերելու, հարկ չվճարելու համար: Հետո պահ է գալիս, երբ պետությունն ուզում է արտահանել, ներկրել, որտեղ եւս ստվերային մեծ հատված կար, հետո նաեւ իշխանությունն է ներգրավվում այդ գործընթացի մեջ՝ հարստանալու համար: Ես գրքում ցույց եմ տալիս, թե երբ էր դա տեղի ունենում»,-ասում է Հրանտ Միքայելյանը: Նա նաեւ հավելում է, որ վերջին 8-9 տարիներին, քաղաքական, տնտեսական ճգնաժամերի, Եվրամիության հետ բանակցությունների արդյունքում, նվազում են ստվերային տնտեսությունը եւ մենաշնորհների չափը: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: