ՍՏԱՐՏԱՓ
13 Sep 2017

Խաղալիքներ էկոլոգիապես մաքուր՝ քիմիական նյութերի նվազագույն կիրառմամբ

Խաղալիքը պետք է լինի էկոլոգիապես մաքուր՝ քիմիական նյութերի նվազագույն կիրառմամբ: Հենց այս հանգամանքն էլ դրդել է Գողթում ապրող երիտասարդ փայտագործ Զոհրաբ Ղազարյանին փայտի հետ աշխատելու ունակություններն ու տարիների փորձը ուղղել խաղալիքի արտադրությանը:

Փայտի փորագրությունը Զոհրաբի մոտ ոչ միայն հոբբի է, այլև մասնագիտություն: Գեղարվեստի ֆակուլտետում սովորելու հենց առաջին տարիներից հրաժարվել է գեղանկարչությունից և իրեն նվիրել փայտի գեղարվեստական մշակմանը: Սկսել է նարդիներից ու փայտե հուշանվերներից և այսօր հասել խաղալիքներին:

Որպես հումք օգտագործում է հիմնականում հայկական փայտանյութ՝ հաճարենի, ընկուզենի, ծիրանենի, թթենի... Նախ ուսումնասիրում է պահանջարկը, հետո գծում էսքիզները, որոշում չափերը և անցնում գործի: Խաղալիքի տարբեր մասերն իրար է միացնում սեպերով՝ սոսնձի նվազագույն կիրառմամբ:

Խաղալիքի շուկայում մրցակցությունից չի վախենում: Արտադրության ծավալները մեծացնելու դեպքում պատրաստվում է արտադրանքի կեսն արտահանել Ռուսաստան և Եվրոպա: Հենց այդ նպատակով էլ փնտրում է ներդրողներ և բիզնես գործակցություն. անհրաժեշտ է ընդլայնել արհեստանոցը, ինքնաշեն գործիքները փոխարինել նորերով, նաև աշխատողներ վարձել:

Իսկ մինչ այդ, թեև դանդաղ, բայց շարունակում է սեփական ուժերով ավելացնել ավտոմեքենաների և ինքնաթիռների թիվը: Եվ ինչու ոչ՝ չի բացառում, որ մի օր էլ գուցե փայտե տիկնիկներ պատրաստի: