ԼՐԱՀՈՍ
30 Nov 2024

«Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն ու մարդասիրական խումբը լքել են երկիրն առանց համայնքին տեղեկացնելու»․ Զարմիկ Պողիկյան

«Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն ու մարդասիրական խումբը լքել են երկիրն առանց համայնքին տեղեկացնելու»․ Զարմիկ Պողիկյան

Սիրիայի Հալեպ քաղաքում չնայած այս պահին (Երևանի ժամանակով 13:30-ին) խաղաղ է, բայց, այնուամենայնիվ, հայկական համայնքում սպասողական ու անորոշ իրավիճակ է տիրում: 

Yerkir.am-ի հետ զրույցում Հալեպում գործող հայկական «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը ներկայացրեց քաղաքում տիրող իրավիճակը՝ հակակառավարական զինված խմբավորումների՝ Հալեպ ներխուժումից հետո: Նրա խոսքով՝ երեկ մինչև կեսգիշեր բախումներ են տեղի ունեցել, որոնք լսելի են եղել նաև իրենց բնակավայրում:

«Անապահով էինք մեզ զգում, արդեն ցերեկը տեղեկացանք, որ քաղաքում ընդդիմադիրներն են, Սիրիայի բանակն այժմ քաղաքում չէ: Հիմա բախումներ չկան, բայց քաղաքում շատ քիչ մթերային խանութներ են բաց, ոչինչ չի գործում, բոլորս փակվել ենք տանը: Հակասական տեղեկություններ են տարածվում: Ճիշտ է, մենք ապահովված ենք սննդի պաշարով, բայց  չգիտենք՝ ի՞նչ համաձայնություններ ձեռք կբերվեն, ի՞նչ կլինի մեր հետ»,- ասաց Զարմիկ Պողոսյանը: Զրուցակիցը տեղեկացրեց՝ հիմնական բախումները քաղաքի ծայրամասերում են տեղի ունեցել: Երբ լսել են առաջին ձայները, միանգամից պատսպարվել են:

«Գանձասար» շաբաթաթերթի խմբագիրը մեկ այլ խնդրի մասին ևս խոսեց. «Մենք տեղյակ չենք եղել, որ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը, հյուպատոսարանի աշխատակիցներն ու Հալեպի տարածաշրջանում առաքելություն իրականացնող ՀՀ-ի հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խումբը բախումներից առաջ լքել է քաղաքը: Համայնքը տեղյակ չէր սրա մասին: Տեղեկացանք միայն այն ժամանակ, երբ նրանք արդեն լքել էին քաղաքը: Բարեբախտաբար հայկական համայնքում տուժածներ չկան: Կապը պահում ենք բոլորի հետ, բայց այս պահին բոլորս էլ անորոշության մեջ ենք»:

Հավելենք, որ Սիրիայում տեղի ունեցած երկարատև պատերազմի ժամանակ ՀՀ գլխավոր  հյուպատոսը չի լքել երբեք իր նստավայրը, հյուպատոսարանըերբեք չի դատարկվել: ՀՀ արտաքին գործոց նախարարությունը մինչ այս պահը որևէ մեկնաբանություն չի տվել: Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն երեկ ուշ երեկոյան հայտարարություն տարածեց ու տեղեկացրեց, որ վերջին օրերին Սիրիայի Արաբական Հանրապետության մի շարք շրջաններում օպերատիվ իրավիճակի կտրուկ սրման և ռազմական ակտիվ գործողությունների պատճառով որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել խմբի գործունեությունը Հալեպում։

Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի ամբողջ անձնակազմը ՀՀ ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռով վերադարձել է Հայաստան: Հիշեցնենք նաև, որ  Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի տարածաշրջանում առաքելություն իրականացնող ՀՀ-ի հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խումբն իր առաքելությունն իրականացնում էր 2019 թվականից սկսած:  

Yerkir.am