ՊԱՐԱԴԻԳՄ
19 May 2018

Սոչիում հայկական կողմը ոչ միայն ճնշված չէր, այլ հանդիպման աստղն էր. Ռուբեն Ռուբինյան

Այսուհետեւ ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի բացառապես Հայաստանի եւ ՀՀ քաղաքացիների շահերի առաջնայնության վրա:

 

Ի՞նչ տեղի ունեցավ Սոչիում, ի՞նչ տպավորություններով եւ արդյունքներով է վերադարձել հայկական պատվիրակությունը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը նախ ընդգծում է՝ շարժումը, որը հանգեցրեց իշխանափոխության, առաջին հերթին եւ միմիայն ներքաղաքական էր եւ նպատակ չուներ կտրուկ կերպով փոխելու արտաքին քաղաքականության որեւէ վեկտոր: «Սոչիում վերահաստատվել են այս մտադրությունները: Մեր խնդիրն էր նախ կանխել բոլոր մտավախությունները, երկրորդը՝ գործընկեր, դաշնակից երկրների ղեկավարների հետ անմիջական շփումներ հաստատել: Կարծում եմ, որ երկու նպատակն էլ իրագործված են»,-ասում է նա:


Չնայած Սոչիում հայկական կողմը վերահաստատել է իր դիրքորոշումը՝ արտաքին ուղենիշների շարունակականության, միջազգային պարտավորությունների հանդեպ հավատարմության հարցերում, այնուհանդերձ, շեշտել է ԵՏՄ շրջանակում առկա խնդիրները: «Մի շարք խնդիրներ բարձրաձայնել ենք, մի շարք խնդիրներ լուծվել են, մի շարք խնդիրների առնչությամբ էլ հավաստիացումներ ենք ստացել, որ լուծվելու են»,-նշում է Ռուբինյանը: Այցը, ընդհանուր առմամբ, շատ դրական է համարում՝ ընդգծելով, որ ոչ մի ճնշվածություն, ոչ մի լարվածություն չի եղել: «Ավելին՝ մենք մեզ զգացել ենք այդ միջոցառման աստղեր»,-նկատում է վարչության անդամը:


Ռուբինյանը վստահեցնում է՝ այսուհետեւ ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է հիմնաված լինի բացառապես Հայաստանի եւ ՀՀ քաղաքացիների շահերի առաջնայնության վրա, հետեւապես՝ կարող են նաեւ որոշ հարցերում շեշտադրումներ փոխվել: «Միակ բանը որ փոխվել է, այն իրողությունն է, որ Հայաստանում կա լեգիտիմ վարչապետ եւ լեգիտիմ կառավարություն, ինչն ահռելի հնարավորություն է տալիս ՀՀ շահն արտաքին ասպարեզում դնել առաջին տեղում»,-շեշտում է բանախոսը: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: