ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
09 May 2020

Հայրենական պատերազմի հայտնի ու անհայտ հայ հերոսների՝ հայտնի ու անհայտ սխրանքները


Աշխարհը եւ հատկապես հետխորհրդային երկրներն այսօր տոնում են ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 75-ամյակը։ Այն եւս մեկ առիթ է հիշելու մեր հերոսներին, որոնց շնորհիվ կերտվեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը։ 1941-1945 թթ. հայրենականին մասնակցած հայ զինվորականների ներդրումն էական նշանակություն ունեցավ Կարմիր բանակի հաղթանակներում: Խորհրդային զինված ուժերի բարձրագույն և ավագ հրամանատարական կազմում բազմաթիվ հայեր էին ընդգրկված՝ երբեմն ոչ հայկական անուններով և ազգանուններով։

Խորհրդային բանակի և ռազմածովային նավատորմի գեներալների ու ծովակալների, ռազմաօդային ուժերի, հրետանային զորքերի սպաների կազմում հայերը ԽՍՀՄ ժողովուրդների շարքում 4-րդն էին, 6-րդը՝ ԽՍՀՄ հերոսների ցանկում: 80 հազար հայ պարգևատրվել է մեդալներով ու շքանշաններով: Երկրորդ աշխարհամարտին հայ ժողովուրդն ընդհանուր առմամբ տվել է 147 մարշալ, գեներալ ու ծովակալ։

ԽՍՀՄ բանակի գեներալիտետում ամենաբարձր կոչումներն ունեին խորհրդային ավիացիայի գլխավոր մարշալ Արմենակ Խանփերյանցը, նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը, բանակի գեներալ, հետագայում` մարշալ Հովհաննես Բաղրամյանը, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Ագանովը: Նշանավոր անուններն էին նաև բժշկական ծառայության գեներալ-գնդապետ Լևոն Օրբելին, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-մայոր Համո Յոլյանը:

Մարշալ Հովհաննես Բաղրամյան։ Պատերազմից հետո Բաղրամյանը նշանակվել է ԽՍՀՄ Պաշտպանության նախարարի տեղակալ։ Մինչեւ Հայրենական պատերազմը 1918թ. մայիսին մասնակցել էր Սարդարապատի ճակատամարտին։ Ստալինյան բռնաճնշումների տարիներին Հովհաննես Բաղրամյանին հիշեցրել էին, այսպես կոչված, բուրժուական հայկական բանակում ծառայելու տարիները, սակայն Անաստաս Միկոյանին հաջողվել էր նրան փրկել hնարավոր գնդակահարությունից: 1941թ. Բաղրամյանը մասնակցել է Կիևի պաշտպանության կազմակերպմանը և Կիևյան պաշտպանողական գործողության իրականացմանը, Ռոստովի մոտ հակահարձակման պլանավորմանը և իրականացմանը, Ելեցկյան հարձակողական գործողությանը: Բաղրամյանի կենսագիրները փաստում են, որ նրա զորավարական տաղանդը դրսևորվում էր իրադրության խոր և համակողմանի վերլուծության, հակառակորդի թույլ կողմերի օգտագործման, սեփական զորքերի մարտական հնարավորությունների օբյեկտիվորեն հաշվի առնելու և խիզախ որոշումների ընդունման ունակությունով:

Սովետական Միության նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակով։ 1918թ. մասնակցել է Բալթյան նավ­ա­տորմի Սառցե արշավին: 1941-1943թթ.` Գլխավոր ծովային շտաբի պետն էր: 1941թ. Շլիսելբուրգի մոտ կոնտուզիա է ստանում ու կորցնում է ձախ ականջի լսողությունը: 1942թ. ղեկավարել է Սևաստոպոլի մատակարարումը: Նույն տարում Գոյթխի շրջանում՝ Տուապսեում, ռմբակոծության ժամանակ ծանր վիրավորվում է, ոտքն անդամահատում են և մինչև 1945թ. գտնվում է բուժման մեջ: Զորացրվել է 1950թ. մարտի 6-ին: Մինչև 1956թ. փետրվար եղել է ԽՍՀՄ Ծովային նավատորմի փոխնախարար: Հայրենական պատերազմից հետո` օրերից մի օր Իսակովը գիշերը հեռախոսազանգ է ստանում. Իոսիֆ Ստալինն էր: Ստալինը հարցնում է Իսակովին. «Ընկեր Իսակով, ի՞նչ կարծիքի եք, եթե մենք ձեզ կրկին նշանակենք ԽՍՀՄ ծովային ուժերի գլխավոր շտաբի պետ»: Իսակովը պատասխանում է. «Ընկեր Ստալին, ես ոտք չունեմ ու այս վիճակով դժվար է գտնվել նավի վրա»: Ստալինն առարկում է. «Ավելի լավ է շտաբի պետի պաշտոնին լինի ոտք չունեցող, սակայն խելքը գլխին անձնավորություն, քան երկու ոտքով, բայց անգլուխ մեկը: Վստահության համար շնորհակալություն մի հայտնեք. մենք ձեզ հավատում ենք»:

Սովետական Միության ավիացիայի մարշալ, կարմիր բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ և շտաբի պետ Սերգեյ Խուդյակով, իսկական անունը՝ Արմենակ Խանփերյանց։ 1917թ․ նոյեմբերին կամավոր անդամագրվել է Կարմիր գվարդիային, 1918թ․ մասնակցել է Բաքվի կոմունայի պաշտպանությանը, 1918–20թթ․ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին։ Ըստ մի քանի վարկածի՝ մարտերից մեկում մահացու վիրավորված ռուս ընկերոջ և հրամանատարի՝ Սերգեյ Խուդյակովի խնդրանքով, Խանփերյանցը համաձայնում է նրա փոխարեն և նրա անունով ղեկավարել մարտը։ Ռազմավարական հմուտ գործողությունների շնորհիվ Խանփերյանց-Խուդյակովը ջոկատը դուրս է բերում շրջափակումից։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է խորհրդային բանակի ՌՕՈւ-ի շտաբի պետ։ 1945թ․ Խանփերյանցը մասնակցել է Յալթայի կոնֆերանսին․ Ստալինը նրան իր հետ է տանում որպես խորհրդական` ճկուն խելքի և ցանկացած իրավիճակից դուրս գալու յուրահատուկ ընդունակության համար: Իսկ ահա նույն տարվա վերջին Խանփերյանցին անհիմն մեղադրանքով ձերբակալում են և չորսուկես տարի ստալինյան զնդաններում պահելուց հետո՝ 1950 թ․ ապրիլին, գնդակահարում։ Արդարացվում է 1956թ․։ 1965թ․ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի և նախագահության որոշմամբ վերականգնում են մարշալի կոչումը։

Գեներալ Համազասպ Բաբաջանյան։ 1941-1942թթ. մասնակցել է Վիտեբսկ, Սմոլենսկ, Ելնյա քաղաքների, Հարավային ռազմաճակատի գործողություններին։ Եղել է մեքենայացված կորպուսի բրիգադի հրամանատար։ 

1944թ․ Դնեստրի գետանցման ժամանակ հրամանատարական հմուտ գործողությունների համար արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ 1945թ. տաղանդավոր զորապետի կորպուսի տանկիստները, համառորեն հաղթահարելով հակառակորդի բոլոր արգելքներն ու դիմադրությունը, մի քանի օրում հասնում են Բեռլին ու մասնակցում փողոցային մարտերին: Բաբաջանյանն առաջիններից մեկն էր, որը մտել էր Բեռլին: Գերմանացիները Համազասպ Բաբաջանյանին անվանել են «Սև հովազ»՝ Ուկրաինայի և Լեհաստանի ազատագրման ժամանակ արագ և համարձակ տանկային արշավանքների համար:
«Թո՛ւյլ տվեք, և ես կվերադարձնեմ Արևմտյան Հայաստանը»,-այս հայտնի խոսքերի հեղինակը հենց Համազասպ Բաբաջանյանն է: 1975թ. նրան շնորհվել է զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի կոչում։

Խորհրդային Միության ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Ագանով. Մարշալ Ագանովը ծնվել է 1917 թվականի Աստրախանում` ազգությամբ հայ Քրիստափոր Ագանովի և ռուս դերասանուհի-երգչուհի Մարիա Ֆրոլովայի ընտանիքում: Հորական կողմը սերել է Արցախից: Ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Ագանովի հմուտ ղեկավարությամբ ԽՍՀՄ ինժեներական զորքերը ոչ միայն կրել են էական կառուցվածքային փոփոխություններ, այլև հիմնովին բարելավվել է տեխնիկական զինվածությունը, մշակվել են նոր միջոցներ՝ հարձակողական և պաշտպանական գործողությունների համար: Մարշալ Ագանովը մեծ ներդրում է ունեցել հատկապես ինժեներական զորքերի սպառազինության նորացման և արդիականացման գործում, ռազմաինժեներական գիտության զարգացման և ինժեներական զորքերի հրամանատարական կազմի կրթական մակարդակի բարձրացման բնագավառում: Ագանովը մասնակցել է բազմաթիվ ռազմաճակատներին, Լենինգրադի մարտերի ժամանակ կրել է պաշարված քաղաքի բնակիչների բոլոր զրկանքները և պաշարման դաժան հետևանքները: Պատերազմից շատ տարիներ անց էլ՝ 1986 թվականի ապրիլին վտանգելով առողջությունը, անձամբ ղեկավարել է ինժեներական զորքերի աշխատանքը Չերնոբիլի ատոմային էլեկտրակայանների աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ:

Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյան։ Պատերազմի ժամանակ կատարած սխրանքերի համար նրան դիպուկահար-օդաչու որակումն են տվել: Կատարել է 239 մարտական թռիչք, անձամբ և խմբի կազմում խորտակել է թշնամական 53 նավ, ոչնչացրել 80 տանկ, 27 ինքնաթիռ։
Հայրենական պատերազմի երկրորդ օրը զորակոչվել է ռազմաճակատ՝ Սևծովյան նավատորմի գրոհային ավիացիա։ 1941թ․ Բալթյան նավատորմի ՌԾՈՒ-ի 57-րդ գրոհային ավիագնդի կազմում պաշտպանել է Լենինգրադը։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1942թ․ որոշմամբ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ «Լավ օդաչու-գրոհային` մարդկային ֆիզիկական և հոգևոր բարձրագույն որակների համադրությունն է, կատարելության հասցված թռիչքային վարպետությունն է»,- այսպես են բնութագրել «բալթյան մրրկահավին»` ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանին 1942 թ. «Կարմիր նավատորմ» թերթում լույս տեսած մի հոդվածում: Դիպուկահար օդաչուն այդպես էլ չտեսավ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը, որի կայացման համար այդքան մեծ ներդրում ուներ նաեւ ինքը: Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանը հերոսաբար զոհվեց 1944 թվականի դեկտեմբերին. նա ընդամենը 31 տարեկան էր: