ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
26 Jun 2020

ԵՄ-ն հուլիսի 1-ից կբացի իր սահմանները մի շարք երկրների համար. ՀՀ քաղաքացիների համար այն դեռ փակ կմնա

Եվրամիության տարածքն ու Շենգենյան գոտին Հայաստանի քաղաքացիների համար կշարունակի փակ մնալ: ԵՄ պաշտոնյաները տեւական ժամանակ երկմտանքի առջև էին՝ ո՞ր երկրների հետ հուլիսի 1-ից բացել սահմանները, որոնց հետ՝ ոչ:
Ի վերջո, Եվրամիության ներկայացուցիչները կազմել են այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիներին կթույլատրվի մտնել ԵՄ տարածք: Կա նաեւ արգելված երկրների ցանկ: Դրանք կազմվել են Եվրահանձնաժողովի խորհրդատության հիման վրա, սակայն դեռ վերջնական հստակեցված չեն: Տեղեկությունն ըստ Եվրանյուզի դիվանագիտական աղբյուների է:

Նախատեսվում է բացել սահմանները Մոնակոյի, Մոնտենեգրոյի, Վատիկանի, Ուկրաինայի, Թուրքիայի, Հարավային Կորեայի, Չինաստանի, Թայլանդի, Ղազախստանի, Ավստրալիայի և տասնյակ այլ երկրների քաղաքացիների համար: Մեր հարևան Վրաստանը նույնպես այդ երկրների ցանկում է:

Ցանկը կազմվել է ըստ համաճարակի տարածման թվերի՝ ընտրվել են այն պետությունները, որտեղ կորոնավիրուսն անկում է գրանցում և չկա վարակակիների մեծ քանակ: Հայաստանի քաաղաքացիներից զատ՝ կանաչ լույս դեռ չի վառվի նաեւ ԱՄՆ-ի, Քաթարի, Բրազիլիայի, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար՝ պայմանավորված այդ երկրներում կորոնավարակի մեծ տարածմամբ ու անընդհատ աճող թվերի:

Եվրամիության ներքին գործերի հանձնակատար Իլյվիա Յոհանսոնն օրեր առաջ հայտարարել էր, որ Եվրոպան հուլիսի 1-ից ոչ բոլորի առջեւ է սահմանները բացելու:

Եվրամիության ներքին գործերի հանձնակատար Իլյվիա Յոհանսոնն նշում է, որ քանի որ որոշ երկրներում համաճարակային իրավիճակը չի կայունացել, մենք խորհուրդ ենք տալիս ընտրողաբար մոտենալ հարցին` հիմնվելով մի շարք չափորոշիչների, ամենակարևոր չափանիշը կորոնավիրուսի տարածվածությունն է այն երկրում, որտեղից գալիս է օտարերկրացին:
Եվրամիությունը արտաքին ու ներքին սահմանները փակել էր մարտի կեսերից` կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:

Եվրոպայում վարակակիրների թիվը շարունակաբար նվազում է, որոշ պետություններ արդեն իսկ բացել են սահմանները անմիջական հարևանների հետ, սակայն պայմանով՝ երկիր մուտք գործողները պարտավոր են հավաստագիր ներկայացնել, որ վարակված չեն կորոնավիրուսով կամ` 14 օրով մեկուսանալ:
Շատ երկրներում էլ հանրային վայրերում դիմակ կրելու պարտադիր պահանջը դեռ երկար ուժի մեջ կմնա: