ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
29 Jun 2020

Թուրքիան Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ նոր քայլեր է ձեռնարկում

Թուրքիան Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ նոր քայլեր է ձեռնարկում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով երկրում կստեղծվի քաղաքացիական անկախ կառույց, որը միանձնյա պատասխանատու կլինի Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեղադրանքների համար:

Թուրքական dailysabah լրատվամիջոցի փոխանցմամբ՝ 1915 թվականի դեպքերին հակադարձելու այս նոր մոտեցումը թուրքական իշխանությունների օրակարգում է հայտնվել այն ժամանակ, երբ ԱՄՆ Սենատը բանաձև ընդունեց ու 1915 թվականի դեպքերն անվանեց ցեղասպանություն: Այս հարցի քննարկումը, սակայն, փոքր ինչ հետաձգվեց՝ պայմանավորված Թուրքիայում Կովիդ-19-ի համաճարակի բռնկմամբ:

Թուրքիայի նախագահին առընթեր Խորհրդատվական բարձրագույն կոմիտեի անդամ Ջեմիլ Չիչեքն ու նախագահի խորհրդական Սեյիթ Սերցելիկը այս մարմնի ստեղծման առաջարկն անելիս՝ ընդգծել են, որ Թուրքիայում չկա որեւէ կառույց, որն ուղղակիորեն առնչություն ունենա ու կարողանա հակադարձել Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեղադրանքներին:

«Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեղադրանքների դեմ արդյունավետորեն պայքարելու համար չկա ամբողջական քաղաքականություն եւ հստակ ռազմավարություն: Եւ այս գործին, իրավիճակով պայմանավորված ու ըստ անհրաժեշտության, մինչ այս միջամտել են համապատասխան նախարարությունները»,-ասել են գաղափարի հեղինակները:

Նոր մարմինը հաշվի է առնելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեղադրանքների մշակութային, պատմական ու իրավական հայեցակետերը եւ կենտրոնացած է լինելու բացառապես այդ ուղղության վրա:

Նախագահ Էրդողանը հրահանգել է հնարավորինս արագ ավարտել կառույցի ստեղծման աշխատանքները։

Լրատվամիջոցը գրում է նաեւ, որ թուրքական կառավարությունը բազմիցս կոչ է արել պատմաբաններին՝ ուսումնասիրել այդ ժամանակաշրջանին վերաբերող արխիվները եւ պարզել, թե ինչ է իրականում տեղի ունեցել Օսմանյան կառավարության և հայերի միջև:

ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների պալատը, նախորդ տարվա հոկտեմբերին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ: Ավելի ուշ՝ դեկտեմբերին, արդեն ԱՄՆ Սենատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ միաձայն: