ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
28 Jul 2020

ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.5 տոկոսով․ միջին անվանական ամսական աշխատավարձը բարձրացել է 5․4 տոկոսով

Առողջապահական ճգնաժամ, որն ամիսների ընթացքում վերածեց տնտեսական խոր ճգնաժամի։ Կորոնավիրուսի համայնավարակով պայմանավորված աշխարհը հայտնվեց տնտեսական աննախադեպ ճգնաժամի մեջ: Հայաստանը եւս բացառություն չէր: ՀՀ Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալով՝ այս տարվա հունիսին՝ նախորդ տարվա նույն ժամակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.5 տոկոսով: 

2020 թվականի առաջին կիսամյակի տնտեսական ակտիվության ցուցանիշն էլ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 4․7 տոկոսով։

Ինչպես նախորդ ամիսներին, հունիսին ևս ամենամեծ անկումը գրանցվել է շինարարության ոլորտում՝ 23.3%։
Տարվա առաջին ամիսներին երկնիշ տեմպով աճ գրանցած արդյունաբերությունը, հունիսին գրանցել է 2.4% անկում:
Մոտ 16%-ով էլ նվազել է ծառայությունների ծավալը, իսկ ներքին առևտրաշրջանառությունը` ավելի քան 12 %-ով։
2020 թվականի առաջին կիսամյակում արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 1․5 տոկոսով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 1․7 տոկոսով, սպառողական գների ինդեքսը՝ 0․5 տոկոսով։

Այս ֆոնի բարձրացել է միջին անվանական ամսական աշխատավարձը՝ 5․4 տոկոսով, որից պետական հատվածում՝ 8․3 տոկոսով, ոչ պետական հատվածում՝ 3․8 տոկոսով։
Առաջին կիսամյակում ամենամեծ անկումը գրանցվել է մարտ-ապրիլ ամիսներին, իսկ մայիս-հունիս ամիսներին անկումը համեմատաբար նվազել է։