ՊԱՐԱԴԻԳՄ
23 Feb 2018

Աջակցե՞լ քրդերի պայքարին, թե՞ չմիջամտել քրդական խնդրին. Վարդան Ոսկանյանի եւ Գեւորգ Մելիքյանի բանավեճը

Թուրքիան եւ Ադրբեջանը քրդական խաղաքարտը հաճախ փորձում են օգտագործել Հայաստանի դեմ:

 

Օրեր առաջ մամուլում հայտնվեց տեղեկատվություն, ըստ որի՝ քուրդ ապստամբները, փախչելով հետապնդումից, անցնում են հայ-թուրքական սահմանը և հանձնվում Հայաստանի իշխանություններին: ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, անդրադառնալով այս տեղեկատվությանը, նկատում է՝ ըստ էության գործ ունենք ապատեղեկատվության հետ, որովհետեւ նման դեպքերում որպես սկզբնաղբյուր պետք է օգտագործվի պաշտոնական հաղորդագրությունը:

«Խնդիրն այն է, որ քրդական խաղաքարտը Թուրքիան, նաեւ Ադրբեջանը շատ դեպքերում փորձում են օգտագործել Հայաստանի դեմ, այն համատեքստում, թե իբր Հայաստանն աջակցում է քուրդ ահաբեկիչներին: Խոսքը, բնականաբար, Քրդական բանվորական կուսակցության մասին է, որը Թուրքիան գուցե ահաբեկչական կառույց է համարում, բայց մեզ համար ՔԲԿ-ի անդամները՝ թե քաղաքական, թե զինված թեւը չեն կարող լինել ահաբեկիչ, հետեւաբար ՝ նախ պետք է ճշտենք եզրաբանությունը»,-շեշտում է Ոսկանյանը:

Վարդան Ոսկանյանի հավաստմամբ՝ ՔԲԿ-ի այն հատվածը, որը կռվում է Թուրքիայի դեմ, մեր տեսանկյունից վարում է պարտիզանական պայքար, Թուրքիայի, ԱՄՆ տեսանկյունից այդ պայքարը կարող է այլ եզրաբանություն ունենալ: «Սիրիայի հյուսիսում գործող, ըստ էության, ՔԲԿ-ի սիրիական թեւն ԱՄՆ կողմից չի դիտարկվում որպես ահաբեկչական կառույց, այն դեպքում, երբ Թուրքիայում գործող նույն կուսակցությունը համարվում է ահաբեկչական: Մեզ համար ՔԲԿ-ի անդամները պարտիզաններ են, որոնք պայքարում են Թուրքիայում սեփական իրավունքների համար, ինչպես նաեւ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ներխուժման դեմ»,-ընդգծում է բանախոսը:

Սա պաշտոնակա՞ն Երեւանի դիրքորոշումն է: Ի՞նչ եզրաբանություն է պետք կիրառել ՔԲԿ-ի համար, ի՞նչ վերաբերմունք պետք է որդեգրի Հայաստանը քրդական խնդրի վերաբերյալ: Այս ամենի մասին մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: